ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ – ՄԱՐՈՆ

I

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վնաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալիս։

II

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Որ միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանակության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ…

1887

Սիրային Բանաստեղծություններ

Սիրո համար չկա հասակ,
Ո՛չ էլ արգելք, խոչընդոտ,
Սերը սրտի անմար կրակ՝
Թեկուզ լինի հիվանդոտ…
Սերը աստծո տված պարգև,
Բո՛ց է անմար սրտիդ մեջ,
Թե նա հանգավ, չկա այլև
Ո՛չ ջերմություն, ո՛չ արև…
Սիրուց ոչ ոք չի՛ հագեցել,
Ո՛չ էլ ծարավ են մարել,
Սերը կյանքի արմատն է խոր
Որից ցողուն է ծնվել..

Վահան Տերյան

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

ԸՆԿԵՐԻՍ

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։
Այնտե՜ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ…

Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու,

Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՛մ ընկեր։

ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ

Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սըրտում էնքան գանգատներ ունի,

Բայց հաճախ էնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։